Ուկրաինայի ԱԳՆ-ն պատրաստ չէ պնդել, որ Իրանում ինքնաթիռը կործանվել է հրթիռի կամ ահաբեկչության հետևանքով. Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինան վաղաժամ է համարում եզրակացություններ անել այն մասին, որ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» մարդատար ինքնաթիռը կործանվել է հրթիռի կամ ահաբեկչության հետևանքով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն, գրում է tass.ru-ն։
«Եթե ապացուցվի, որ ինքնաթիռը հրթիռակոծվել է, անկասկած, մենք ոչ միայն պատասխանատվության, այլև փոխհատուցման կենթարկենք բոլոր մեղավորներին։ Բայց այս պահին վաղ է այդ մասին խոսել»,- հայտարարել է նա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ չի բացառում ինքնաթիռի կործանման ոչ մի վարկած։
Պրիստայկոն նման դիրքորոշում է հայտնել նաև ահաբեկչության վարկածի վերաբերյալ։
Նա հավաստիացրել է, որ Կիևը «հետաքննության մեջ ազնիվ լինելու շատ պատճառներ ունի, առաջին հերթին ցանկություն կա ճշմարտությունը հաստատել»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ուկրաինացի փորձագետներին հասանելիություն է տրամադրել կործանված օդանավի սև արկղերին և բեկորներին։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ: