Աբխազիայի նախագահը, վարչապետը և ընդդիմության ներկայացուցիչները հանդիպում են անցկացնում Սուխումում
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան և ընդդիմության ներկայացուցիչները, որոնք պահանջում են նրա հրաժարականը, հանդիպում են անցկացնում Սուխումում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Հանրապետության Հանրային պալատի անդամ Դանիիլ Ուբիրիան:
«Նախագահը և ընդդիմության անդամները հանդիպում են անցկացնում Սուխումում։ Այն սկսվել է 16։00-ի սահմաններում»,- ասել է նա։
Ուբիրիան հաղորդել է, որ կողմերի հանդիպմանը մասնակցում է նաև Աբխազիայի վարչապետ Վալերի Բգանբան։
Աբխազիայում ցուցարարները դժգոհում են նախագահական ընտրություններում պարտված Ալխաս Կվիցինիայի դատական գործի լսումների ընթացքից, 2019 թվականի նոյեմբերին Սուխումում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննությունից, ինչպես նաև պետության վատ սոցիալ-տնտեսական վիճակից և կոռուպցիայից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:
Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամադ Կիլբան այսօր հայտարարել է, որ ցուցարարները թալանել են նախագահի նստավայրի այն սենյակը, որտեղ զենքեր էին պահվում: