Իրանն ԱՄՆ-ին կոչ է արել սուտ տեղեկություններ չտարածել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ
Իրանը ողջունում է ուկրաինական Boeing ինքնաթիռի կործանման հետաքննությանը մասնակցել ցանկացող այն պետություններին, որոնց քաղաքացիները զոհվել են ավիավթարի հետևանքով: Այս մասին ասվում է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի հայտարարությունում: Փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ողջունում ենք հետաքննությանը մասնակցող մյուս պետություններին, որոնց քաղաքացիները ողբերգական իրադարձության զոհ են դարձել»,- գրված է հայտարարությունում:
Ռաբին, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել ավիավթարի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելուց հրաժարվել:
Ավելի վաղ CBC-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից: Իրանը, սակայն, բացառել է դա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: