ԱՄՆ-ն վախենում է, որ ինչ-որ մեկը կարող է «ամերիկացիներին պատմել ճշմարտությունը», բայց մենք կարող ենք աշխարհի հետ խոսել նաև Թեհրանից. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն մերժել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար անհրաժեշտ վիզա տրամադրել, քանի որ վախենում է, որ ինչ-որ մեկը կարող է «ամերիկացիներին պատմել ճշմարտությունը», հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Նրանք վախենում են, որ ինչ-որ մեկը կգա և ճշմարտությունը կպատմի ամերիկացի ժողովրդին։ Իհարկե, նրանք սխալվում են, քանի որ աշխարհը չի սահմանափակվում Նյու Յորքով, մենք կարող ենք աշխարհի հետ խոսել նաև Թեհրանից»,- հայտնել է Զարիֆը։
Զարիֆը կեղծ է անվանել հայտարարություններն առ այն, որ ԱՄՆ-ն բավականաչափ ժամանակ չի ունեցել վիզա տրամադրելու համար։ Նրա խոսքով՝ ամերիկացիները ձևացնում են, թե Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցության ցանկություն է հայտնել իրանցի գեներալ Քասեմ Սոլեմանիի սպանությունից հետո, թեև Իրանի ԱԳ նախարարի համար մուտքի արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս շաբաթներ առաջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որը մտադրված էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:
ԱՄՆ-ն, որպես երկիր, որի տարածքում է գտնվում ՄԱԿ-ի գրասենյակը, պարտավոր է վիզա տրամադրել բոլոր երկրների դիվանագետներին, սակայն ժամանակ առ ժամանակ մերժում է որոշ անձանց` պատճառաբանելով իր մերժումը «անվտանգության և ահաբեկչության տեսանկյունից» սպասվող վտանգներով:
Ավելի վաղ Զարիֆը ԱՄՆ վիզա ստացել և մասնակցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերին, սակայն նրա տեղաշարժը ԱՄՆ տարածքում եղել է խիստ հսկողության տակ: