Սահմանադրությամբ իշխանության թևերի տարաբաժանում գրեթե չկա, հույս ունենա՞նք, որ Փաշինյանը դատական իշխանությանը կտա անկախություն. Ալբերտ Բաղդասարյան (տեսանյութ)
Մեր երիտասարդ իշխանությունների «ծնողները»՝ անկախության քայլերն սկսողները, եղել են կոռուպցիայի, թալանի, գաղութացման հիմնադիրները, ինչպե՞ս պետք է իրենց երեխաներին ազնիվ դաստիարակեին:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը. «Շատերն այսօր մտածելու ունակությունից զուրկ են ու իրենց առաջնորդի կարգախոսներով են ապրում, ինչպես՝ Խորհրդային Միությունում»:
Ըստ Բաղդասարյանի՝ անցած տարի տեղի ունեցածը հեղափոխություն չէր, չի կարելի իշխանափոխությունն այդ բառով բնորոշել. «Իրական հեղափոխությունն այն է, երբ ֆորմացիան իրեն սպառում է, նոր ֆորմացիա է առաջանում, ինչպես Հոկտեմբերյան կամ Ֆրանսիական հեղափոխությունների դեպքում: Մեզ մոտ ոչինչ չի փոխվել: Այն արժեքները, որոնց պատճառով մերժվեցին Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, պետք է ամբողջությամբ փոխարինվեին, թեկուզ՝ դանդաղորեն: Հեղափոխություն անում էինք, որ ի՞նչը փոխենք՝ մարդկա՞նց»:
Քաղաքական գործչի կարծիքով՝ եթե համակարգը չես փոխում և պայքարում ես համակարգային կոռուպցիայի դեմ, զբաղված ես ինքնախաբեությամբ. «Սահմանադրությամբ և օրենքներով ամբողջ համակարգի հարաբերությունների տրամաբանությունը տրված է մեկ մարդու որոշմանը: Համակարգաստեղծ բանաձևը Սահմանադրությունն է, այն հիմքերի հիմքն է: Մեր բոլոր Սահմանադրությունները կեղծված են՝ և՛ 1995-ի, և՛ 2005-ի, և՛ 2015-ի»:
Ալբերտ Բաղդասարյանի պնդմամբ՝ հեղափոխականները պետք է պետության կառուցումն սկսեին համակարգափոխությունից, նախևառաջ՝ Սահմանադրության փոփոխումից. «Նիկոլ Փաշինյանը համար մեկ հակահեղափոխականն է: Եթե Սահմանադրության մեջ հստակորեն նշված չէ իշխանության թևերի տարաբաժանման մասին, հույս ունենանք, որ Փաշինյանը դատական իշխանությանը կտա անկախությո՞ւն»:
«Կա՞ այնպիսի դատախազ, որը գործ կհարուցի ու կպարզի՝ Փաշինյանի առանձնատան վերանորոգման հարցում ֆինանսական խախտում կա՞: Ինչո՞ւ ենք դատախազներից պահանջում, որ կամիկաձե լինեն, նրանք Սահմանադրությամբ կախված են վարչապետից»,- ասել է Ալբերտ Բաղդասարյանը:
Ըստ նախկին պատգամավորի՝ եթե Սահմանադրությամբ ամբողջ իշխանությունը մեկ մարդու է պատկանում, աշխարհի հզորները նրան կդարձնեն խամաճիկ: «Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե Հրայր Թովմասյանը վարվեր գլխավոր դատախազի պես, նրանց գյուղի տան կտուրը ոչ միայն քննարկման առարկա չէր դառնա, այլև դրա որակը կբարձրանար հենց Նիկոլ Փաշինյանի աջակցմամբ: Հրայր Թովմասյանը չգիտեր, որ կա ՀՔԾ, որը ենթարկվում է վարչապետին և ունի որոշակի լիազորություններ: Այս Սահմանադրությամբ երկրի ղեկավարին տրվել է բացարձակ իշխանություն»,- ամփոփել է քաղաքական գործիչը:
Դավիթ Սարգսյան