Ոստիկանները ծեծել են զբոսնող երիտասարդներին և բաժնում ստիպել, որ չկատարած գողությունն իրենց վրա վերցնեն. Արմենուհի Հովսեփյան
Օրերս Էջմիածնում ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել 2 ՌԴ քաղաքացու՝ ազգությամբ հայ: Այս մասին հայտնում է Politik.am-ը:
Դեպքի մասին լրատվամիջոցին տեղեկացրել է NewsPress.am կայքի խմբագիր Արմենուհի Հովսեփյանը. տղաներն իր ծանոթներն են և ինքը տեղյակ է մանրամասներին, ավելին, դեպքի առթիվ այցելել է ոստիկանության Արմավիրի բաժին, որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ են ոստիկանության աշխատակիցները բռնության ենթարկել երիտասարդներին։
«Երիտասարդները ցանկացել են քայլել դեպի եկեղեցի և նկատել են, որ իրենց հետևում են։ Ինչ որ պահի հանկարծակի հետևից հարված են զգացել, և իրենց գցել են գետնին։ Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել երիտասարդներին, գցել ոստիկանական մեքենան և տարել բաժին։ Մեքենայում նստել են տղաների վրա և, եթե նրանք ֆիզիկապես ուժեղ չլինեին, ապա կարող էին խեղդվել։ Իրենց խոսքով՝ ոստիկանական բաժնում ով մտել, հարվածել է իրենց, բռնության ենթարկել»,-ասել է Արմենուհի Հովսեփյանը:
Արմենուհի Հովսեփյանն ասել է նաև, որ ոստիկանները տղաներին մեղադրել են գողության մեջ: «Նրանց առանձին -առանձին տարել են ինչ -որ սենյակ և ասել, որ իբր մյուսն ընդունել է գողության մեղադրանքը և իրեն էլ են առաջարկել ընդունել կատարածը։ Տղաները հայերեն լավ չեն հասկանում և չեն պատկերացրել, թե ինչ է կատարվել բաժնում»,-ասաց Արմենուհի Հովսեփյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից Աշոտ Ահարոնյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, հանգամանքները պարզվում են: