Փարիզում 1 րոպե լռությամբ հարգել են նախօրեին ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը (լուսանկար)
Այսօր Փարիզի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի բակում 1 րոպե լռությամբ հարգել են նախօրեին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը, հայտնում է BFM TV-ն:
Արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, ոստիկանական բաժանմունքի պաշտոնյաներն ու աշխատակիցները: Արարողությունը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 11-ին:
Զոհերի հիշատակին նաև ծաղկեպսակներ են դրվել շենքի բակում:
Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզի կենտրոնական ոստիկանական բաժանմունքում 45-ամյա վարչական աշխատակիցը դանակով հարձակվել էր իր գործընկերների վրա: Հարձակման հետևանքով զոհվել են մի կին և 3 տղամարդ, ոստիկանության ևս մի աշխատակից լուրջ վնասվածքներով տեղափոխվել է ռազմական հոսպիտալ: Հարձակվողը սպանվել է:
Մարդասպանը սպանությունից առաջ՝ գիշերը «ձայներ է լսել»: Այդ մասին ոստիկանությունում հարցաքննության ժամանակ պատմել է մարդասպանի կինը:
Նրա խոսքով՝ ամուսինն արթնացել է նրանից, որ գլխում «ձայներ է լսել», կտրուկ վեր է կացել անկողնուց և սկսել չկապակցված արտահայտություններ ասել: Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը նշում է, որ կնոջ մոտ լսողության խնդիրներ են առկա, և նա սուրդոթարգմանիչ է աշխատում:
Քննիչները նաև հարցաքննել են մարդասպանի եղբորը, սակայն մանրամասներ չեն ներկայացվում:
Նախնական տեղեկության համաձայն՝ հանցագործի տանն անցկացված խուզարկությունը ոչինչ չի տվել, ինչը թույլ կտար վստահվել, որ նա ծայրահեղական կրոնական գաղափարներ է ունեցել:
Ըստ լրատվամիջոցի՝ մեկուկես տարի առաջ տղամարդն իսլամ է ընդունել: