«Մենք պետք է արտասահմանյան հեռարձակումների համար նոր լրատվամիջոց ստեղծենք, որը կլինի CNN-ի այլընտրանքը». Թրամփ
Ամերիկյան իշխանությունները դիտարկում են արտասահմանյան հեռարձակումների համար նոր լրատվամիջոցի ստեղծումը, որն այլընտրանք կդառնա CNN հեռուստաընկերությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգում կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ, գրում է tass.ru-ն՝ իրազեկ աղբյուրին հղումով:
«Գիտե՞ք՝ ինչն է վատ մեր պետության համար: Իմ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ես հանդիպում եմ օտարերկրյա առաջնորդների հետ, ու նրանք ինձ հարցնում են. «Ինչո՞ւ են նրանք այդքան ատում ձեր պետությունը»»,- ընդգծել է Թրամփը՝ խոսելով CNN-ի մասին:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ «CNN-ը Միացյալ Նահանգներից դուրս շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան երկրի ներսում»:
«Մենք ունենք «Ազատություն»/«Ազատ Եվրոպա» և «Ամերիկայի ձայն»: Մենք դրանք ստեղծել ենք մեր երկիրն ուժեղացնելու նպատակով, բայց (հիմա) նրանք լավ չեն աշխատում… Մենք պետք է թողարկենք մեր սեփական հեռուստացանցը և դրա միջոցով իրական լուրեր հեռարձակենք, քանի որ դրանք (ներկայում գործող լրատվամիջոցները) վնասակար են մեր երկրի համար»,- նշել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև ընդգծել է, որ լրջորեն դիտարկում է արտասահմանում հեռարձակման համար նոր հեռուստաալիքի ստեղծումը, որտեղ կաշխատեն «իսկապես տաղանդավոր մարդիկ»: