Անխուսափելի է, ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Fox LA-ին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Փաշինյանն ասել է Fox LA-ի թղթակից Էլեքս Մայքլսոնի հետ զրույցում:
«Անխուսափելի է: Ամերիկայի Միացյալ Նահանգները կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես վստահ չեմ, թե կոնկրետ երբ դա կլինի, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Անկախության տոնն այս տարի կայացավ Գյումրիում, քանի որ Գյումրին 2-րդ քաղաքն է Հայաստանում մեծությամբ, իր հնությամբ ու գեղեցկությամբ առանձնանում է, և շատերը ոչ մի անգամ չէին այցելել Գյումրի:
Անդրադառնալով թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ դա չի արվել, որպեսզի իինքը վարչապետ դառնա: ՀՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական առաջընթաց կա երկրում, և դա աստիճանաբար աճում է ամեն ամիս: «Եվ ես հիմա վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու մեր տնտեսական հեղափոխության առումով»,-նկատել է նա:
Նա նաև ասել է, որ ցանկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրող մարդկանց ավելի շատ տեղեկացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում:
«Ես ցանկանում եմ Ամերիկայում ավելի շատ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև դա ժողովրդավարության հաղթանակն է»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքում: