Մեկնարկել է ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի «բարձր մակարդակի» շաբաթը, որի ընթացքում սպասվում են համաշխարհային առաջնորդների ելույթները (ուղիղ միացում)
Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը: Համաշխարհային առաջնորդները հավաքվել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում` քննարկելու գլոբալ հարցերը:
Նշենք, որ նստաշրջանին մասնակցելու է պետության 91 ղեկավար, 6 փոխնախագահ, կառավարությունների 45 ղեկավար, 5 փոխվարչապետ, 44 նախարար:
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում է ավելի քան 630 տարբեր հանդիպում: Ինչպես նշում են փորձագետները՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ. դրանցից 50-ը՝ կլիմայի, մոտ 30 հանդիպում՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ կունենա նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 24-ն: Ելույթ կունենա նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է, որ ի թիվս այլնի, ելույթներ կունենան նաև Ֆրանսիայի, Իրանի, Լիբիայի, Պաղեստինի, Լեհաստանի, Աֆղանստանի, Իրաքի, Թուրքիայի և այլ երկրների ղեկավարները: