ՆԱՍԱ-ում գնահատել են Եվրոպայում հրդեհների և Արկտիկայում սառույցի հալման միջև կապը (տեսանյութ)
Արկտիկայում սառցե ծածկույթի մակերեսը 2019 թվականի ամառային սեզոնին կրճատվել է՝ հասնելով 4,15 միլիոն քառակուսի կիլոմետրի, բայց Եվրոպայում անտառային հրդեհները կամ շոգերի ալիքը դրա պատճառ չեն հանդիսացել, պնդում են ՆԱՍԱ-ի մասնագետները:
«ՆԱՍԱ-ի և Կոլորադոյի համալսարանի ձյան և սառույցի վերաբերյալ տվյալների ազգային կենտրոնի (NCIDC) արբանյակային տվյալների վերլուծաբանները հայտնել են, որ 2019 թվականին սառցածածկույթը նվազագույնի է հասել սեպտեմբեր ամսին՝ հասնելով գրեթե 4,15 միլիոն քառակուսի կիլոմետրի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես պարզաբանում է ՆԱՍԱ-ն, ամառն Արկտիկայում չի ուղեկցվել էքստրեմալ օդերևութաբանական երևույթներով:
«2019 թվականին Արկտիկայում էքստրեմալ եղանակ չի գրանցվել։ Չնայած այն հանգամանքին, որ Արկտիկայում տաք ամառ է գրանցվել (նորմայից 4-5 աստիճանով բարձր), բայց ո´չ հրդեհները, ո´չ էլ Եվրոպայում շոգերը մեծ ազդեցություն չեն ունեցել սառույցի հալման վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Գիտնականները նշում են, որ վերջին 10 տարիներին ձյան ծածկույթի մակերեսը զգալիորեն նվազել է, ինչը կարելի է վերագրել կլիմայական փոփոխություններին: