Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը։
Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրինաստեղծ գործունեությանը, քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:
Վերահաստատելով Գեորգի Ծերեթելիի՝ Երևան այցելելու իր հրավերը` Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ այն հիանալի առիթ կծառայի քննարկելու ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային կարևորության հարցեր: