ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սնոուդենի
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դեմ՝ կապված նրա գրքի հրատարակման հետ՝ մեղադրելով վերջինիս «չհրապարակման» մասին իր ստանձնած պարտավորվածության խախտման մեջ:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, պաշտոնապես վաճառքում են հայտնվել Սնոուդենի «Անձնական գործ» հուշագրերը: Նախատեսվում է, որ գիրքը հասանելի կլինի 20 երկրում:
Հայցի հեղինակները Սնոուդենին մեղադրում են նաև «հետախուզության հետ կապված թեմաներով հանրային ելույթներ ունենալու համար», որոնցով նա խախտել է աշխատանքի ընդունվելիս իր ստորագրած պայմանագիրը:
Գերատեսչությունից նշում են, որ քաղաքացիական հայցը նպատակ չի հետապնդում կանգնեցնելու գրքի հրատարակումն ու տարածումը, սակայն կառավարությունը մտադիր է հեղինակից պահանջել գրքից ստացված բոլոր եկամուտները: Սնոուդենից բացի, հայցում նշվում է նաև գիրքը թողարկող հրատարակչության անունը: