Իտալիան կարող է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետն ունենալ. լրատվամիջոցներ
Իտալիայի Սահմանադրական դատարանի ղեկավարի տեղակալ Մարտա Կարտաբիան կարող է երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը դառնալ, հաղորդում է Sky TG24 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կարտաբիայի անունը նշվում է կոալիցիոն կառավարության հավանական ղեկավարի դերում:
Հիշեցնենք, Իտալիայում կառավարական ճգնաժամ է տիրում: Իշխող կոալիցիան, որը կազմված էր «Հինգ աստղ շարժում» և «Լիգա» կուսակցություններից, իր գոյությունը դադարեցրել է օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ «Լիգա» կուսակցության առաջնորդ և երկրի փոխվարչապետ Մատտեո Սալվինին հայտնել էր վարչապետ Ջուզեպպե Կոնտեին իր կուսակիցների հետ ունեցած լուրջ տարաձայնությունների մասին և պահանջել հնարավորինս շուտ արտահերթ ընտրություններ անցկացնել:
Սալվինիի հայտարարության դրդապատճառը խորհրդարանում Իտալիայի հյուսիսային Թուրին և Ֆրանսիայի Լիոն քաղաքների միջև արագընթաց երկաթուղային գծի կառուցման հարցով քվեարկությունն էր, որի ժամանակ խորհրդարանը մերժել էր «Հինգ աստղ շարժում» կուսակցության կողմից խոշոր ենթակառուցվածքային ծրագրիրը արգելափակելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Կոնտեն երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատասխանատվությունը Սալվինիի վրա էր բարդել և պահանջել, որպեսզի վերջինս բացատրի իտալացիներին կառավարության աշխատանքների դադարեցման պատճառը:
Օրերս Կոնտեն, ելույթ ունենալով սենատում, հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: