Երեկվանից ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում եմ. այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի արձագանքին. Մխիթար Հայրապետյան
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ ստեղծված իրավիճակին` ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնելով, որ սպասում են ՖԻԴԵ-ի արձագանքին:
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը պետք է մասնակցեր Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած Sivas Buruciye International Open Chess Tournament-A մրցաշարը, սակայն ադրբեջանցի շախմատիստուհիները վերջնագիր էին ներկայացրել կազմակերպիչներին` հրաժարվելով իրենց մասնակցությունից, եթե ստուգատեսին մասնակցի նաև հայ շախմատիստուհին: Արդյունքում` Գևորգյանն այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:
«Երեկվանից ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ. ի դեպ, վերջին անգամ մեր հարևաններն ինձ նման «պատվի» էին արժանացրել ամիսներ առաջ, երբ հայտարարել էի, որ ԵԼ եզրափակիչ խաղից առաջ Ադրբեջանի կողմից Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել էին մի քանի անընդունելի նախապայմաններ։
Ըստ ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի՝ իրենք որևէ առնչություն չունեն ստեղծված իրավիճակի հետ, թուրքական կողմն էլ պնդում է, թե մեր շախմատիստուհուն իրենց կողմից պաշտոնական հրավեր չի ուղարկվել։
Ինչևէ, այժմ սպասում ենք ՖԻԴԵ-ի արձագանքին։ Հույս ունենք, որ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ համակողմանի ուսումնասիրության արդյունքում հայտնի կդառնա, թե ովքեր են իրականում մեղավոր մեր շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարին չմասնակցելու համար»,- գրել է Մխիթար Հայրապետյանը։