Ֆրանսիայում կենդանաբանական այգու այցելուները ռնգեղջյուրի մեջքին իրենց անուններն են «դաջել»
Ֆրանսիայի կենդանաբանական այգիներից մեկում այցելուներն իրենց անունը «դաջել» են ռնգեղջյուրի վրա, հաղորդում է Fox News-ը:
Շոկային լուսանկարը, որում պատկերված 35-ամյա էգ ռնգեղջյուրի մեջքին «դաջված» են «Կամիլ» և «Ժուլիեն» անունները, սոցցանցերում անմիջապես բողոքի ալիք է բարձրացրել:
La Palmyre կենդանաբանական այգին, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ անչափ վիրավորված է այցելուների տգիտությունից և անհարգալից վերաբերմունքից, սակայն միջադեպին իրավական ընթացք չի տա:
Կենդանաբանական այգու տնօրեն Պիեռ Կայի խոսքով՝ այցելուները ռնգեղջյուրի մեջքին փոշու շերտի, ավազի և մաշկի մահացած բջիջների վրա իրենց անունները «դաջել» են եղունգների օգնությամբ:
«Կենդանին, հավանաբար, չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում: Մենք արագ մաքրեցինք գրությունը: Ռնգեղջյուրը չի տուժել»,- ասել է տնօրենը: