Աթամբաևը հրաժարվել է համագործակցել քննության հետ
Ղրղզստանում կալանքի տակ պահվող նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հրաժարվել է համագործակցել քննության հետ, գրում է tass.ru-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևը:
«Աթամբաևը հրաժարվել է համագործակցել քննության հետ և հրաժարվել է որևէ փաստաթուղթ ստորագրել»,-ասել է նա:
Սլեսարևի խոսքով՝ խոսքը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության մասին որոշման, խափանման միջոցի մասին փաստաթղթի, ինչպես նաև հարցաքննության արձանագրության և ընթացակարգային նորմերով նախատեսված այլ փաստաթղթերի մասին է:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: