Աթամբաևի որդին կանչվել է հարցաքննության
Ղրղզստանում կալանքի տակ պահվող նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդին՝ Սեյիթբեկը, կանչվել է Ներքին գործերի նախարարություն՝ հարցաքննության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փաստաբան Սերգեյ Սլեսարևին հղումով:
«Որքանով ինձ հայտնի է, նա հենց հիմա հարցաքննության է: Թե կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ հստակ չեմ կարող ասել»,- ասել է նախկին նախագահի փաստաբանը:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: