Ոչ մի քանի տարվա ընթացքում, բայց հետագայում՝ մի շարք փոփոխություններից հետո, երկնիշ տնտեսական աճն իրատեսական է. Տիգրան Ավինյան
Գալիք մի քանի տարվա ընթացքում խորքային բարեփոխումների, ընդհանուր բյուջեի վերանայման պայմաններում այդ մոտեցումները, իներցիան, որ առկա են, ամբողջապես փոխվելու են, ինչը փոխելու է նաև տնտեսական աճը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մանավանդ ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման պարագայում, մանավանդ կրթական և առողջապահական ծառայությունների ներդրման պարագայում մենք ուղղակիորեն աշխատելու ենք մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, և դա չի կարող լրջագույն արդյունք չցուցաբերել ապագայում:
Միգուցե, ոչ գալիք մի քանի տարվա ընթացքում, բայց դրանից հետո, երբ որոշակի փոփոխություններ տեղի կունենան կրթական, առողջապահական համակարգերում, բարձր տեխնոլոգիաների ու ժողովրդագրության ծրագրերում, հետագայում երկնիշ տնտեսական աճը միանշանակ իրատեսական է»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճ ասելով չպետք է հասկանալ զուտ ՀՆԱ-ն, իր կարծիքով՝ կառավարության ուշադրությունը պետք է լինի սևեռված ՀՀ քաղաքացիների բարեկեցության, քաղաքացիների սպասարկման ծառայությունների վրա, և իրենց հիմնական թիրախը լինելու է մարդու բարեկեցությունը:
Ինչ վերաբերում է այս տարվա աճին, ապա Ավինյանն ասաց. «Այս տարվա համար սոլիդ թիվ է լինելու ՀՆԱ-ի աճը, այդ որակական հատկանիշերն են կարևոր, հենց այս պահին այդ փոփոխությունները տեղի են ունենում, բայց դա երկարատև գործընթաց է»:
Անդրադառնալով BBC-ի հրապարակմանը, որը վերաբերում է «Մարտի 1»-ի գործին, Ավինյանն ասաց, որ դա հավանաբար լրատվամիջոցը ստացել է Հատուկ քննչական ծառայությունից, բայց թե որքանով է դա իրականությանը համապատասխանում, չի կարող մեկնաբանել, իսկ մնացածին պետք է հետևեն իրավապահները:
Ինչ վերաբերում է Արցախի և ՀՀ-ի միջև հնարավոր լարվածությանը, Ավինյանն ասաց, որ չկա նման լարվածություն և չի կարող լինել:
Արցախում նախագահական ընտրությունների երաշխավորը լինելու վերաբերյալ Ավինյանն ասաց, որ իր կարծիքով ՀՀ-ն ունի այդ հանձնառությունը: