Երկրորդ օպերատոր պետք է ներգրավվենք, որ աղբահանության համար լրացուցիչ միջոցներ չտրամադրենք. Դ. Խաժակյան (տեսանյութ)
Երկրորդ միջազգային օպերատոր պետք է ներգրավվենք, որ աղբահանության համար բյուջեից լրացուցիչ միջոցներ չտրամադրենք. Դավիթ Խաժակյան
Ապրիլի 29-ին մանկապարտեզների վերանորոգման բյուջեն նվազեցվել էր 243 մլն դրամով, այսինքն՝ դրա մեկնարկը տրվել է ապրիլի 29-ին. այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Այսինքն՝ եթե մենք ապրիլից գիտեինք, որ չենք հասցնելու նախագծերն ամփոփել, չենք հասցնելու շինարարություն անել, կարող էինք ընդհանրապես այդ բյուջեն դատարկել»,- ասաց Խաժակյանը:
Նա թվարկեց ևս մի քանի ծրագրերից քաղաքապետի որոշմամբ գումարներ վերաբաշխելու վերաբերյալ տվյալներ և նշեց, որ դրանք ևս տրամադրվել են աղբահանությանը:
«Այսօր Ավագանու այս որոշմամբ նախատեսվում է ևս 91 մլն դրամ նվազեցնել մանկապարտեզների վերանորոգման բյուջեից: Փաստորեն, մենք ինչ քննարկում ենք, երևացող կողմի մի մասն է, որովհետև մնացած մասն արդեն քաղաքապետի որոշումներով վերաբաշխվել է և, ըստ էության, պահուստային ֆոնդից էլ շատ քիչ բան է մնում, ինչը մտահոգիչ է»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
Նա նշեց, որ այս դեպքում քաղաքապետի պարտադիր լիազորությունների հետ կապված հարց է առաջանում, որովհետև միլիարդներ են տրամադրվում աղբահանությանը լրացուցիչ կերպով: «Փաստորեն սա արդեն հպարտանալու առիթ է, որ մենք «Սանիթեք»-ին կոպեկ առ կոպեկ տալիս ենք իր գումարները՝ 5.2 մլրդ և բյուջեից էլ անընդհատ հատկացումներ ենք անում: Դա մոտավորապես նույնն է, որ մենք մեր տունը վերանորոգման տանք ինչ-որ վարպետի, ով կպահանջի իքս գումար և իր աշխատանքը պատշաճ չի կատարի, մենք էլ կողքից ուրիշ վարպետ բերենք կամ սկսենք նույն գործը, լրացուցիչ գումար հատկացնելով, անել: Մոտավորապես սա է տեղի ունենում»,- նշեց նա:
Ըստ Խաժակյանի՝ այն տրամաբանությունը, որ բոլոր միջոցները պետք է հատկացվի աղբահանությանը, որովհետև քաղաքապետարանը համարում է, որ համայնքային կառավարումը ճիշտ չէ, իրենք չեն կիսում:
«Մենք ասում ենք՝ երկրորդ միջազգային օպերատոր պետք է ներգրավենք, որը կիրականացներ այդ ներդրումը, և մենք ստիպված չէինք լինի բյուջեից այսպիսի ծավալներով գումարներ հատկացնենք: Վատ է, որ մի ոլորտում կա մոնոպոլիա, այդ վիճակը շտկելու համար պետք է մրցակցություն ավելացնել»,- հայտարարեց նա: