Հոնկոնգի միջազգային օդանավակայանում վիճահարույց օրինագծին դեմ հարյուրավոր ցուցարարներ նստացույց են անցկացնում (լուսանկար)
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում՝ ժամանումների սրահում, արտահանձնման մասին օրենքում փոփոխություններին դեմ հարյուրավոր ցուցարարներ նստացույց են անցկացնում, հայտնում է South China Morning Post թերթը:
Թերթի տվյալների համաձայն՝ ակցիան սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտ 13:00-ի սահմաններում՝ ժամանումների սրահում, որտեղ ցուցարարները թերթիկներ են տալիս ուղևորներին, որում բացատրում են բողոքի ակցիայի պատճառները:
Կազմակերպիչները հույս ունեն, որ ակցիային կմիանան հազարավոր մարդիկ, և որ ոստիկանությունը կհարգի բողոքի խաղաղ ակցիան:
Միևնույն ժամանակ, օդանավակայանի ղեկավարությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր:
Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:
Հունիսի 12-ին ակցիայի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էին կիրառել նրանց նկատմամբ: Եվս մեկ լայնամասշտաբ ակցիա տեղի էր ունեցել հունիսի16-ին, երբ բողոքի էր դուրս եկել շուրջ 2 մլն մարդ:
Հոնկոնգի կառավարությունը փոխզիջման էր գնացել՝ անժամկետ ընդհատելով օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, իսկ շրջանի ղեկավար Քերի Լեմը հանրայնորեն ներողություն էր խնդրել ստեղծված իրավիճակի համար: Ցուցարարները, սակայն, չէին բավարարվել՝ պահանջելով իշխանություններից լիովին հրաժարվել նախագծից՝ երկընտրանքի առաջ կանգնեցնելով իշխանություններին: