Համացանցում է հայտնվել քրեական գործի համար Աթամբաևի լուսանկարը
Համացանցում է հայտնվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի լուսանկարը՝ արված քրեական գործի հետաքննության շրջանակում, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ղրղզական ծառայությունը:
Հիշեցնենք, որ Աթամբաևը նախօրեին ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: