Միխայել Շումախերը պայքարում է առողջությունը վերականգնելու համար և հեռուստատեսությամբ դիտում է «Ֆորմուլա-1»-ի մրցումները. Ժան Տոդտ
Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ժան Տոդտը հայտնել է, որ «Ֆորմուլա-1»-ի նախկին 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի վերականգնման գործում առաջընթաց է գրանցվում:
«Ես միշտ զգույշ եմ նման հայտարարություններ անելիս, սակայն, այո, դա ճիշտ է: Ես նրա հետ միասին ավտոմրցարշավ եմ դիտել Շվեյցարիայի նրա տանը: Միխայելը վստահելի ձեռքերում է, նա չի հանձնվում և շարունակում է պայքարել», - Daily Mail-ի փոխանցմամբ՝ ասել է Տոդտը:
Վերջինս 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբում հանդես է եկել «Ֆորմուլա-1»-ի Ferrari-ի թիմի ղեկավարի պաշտոնում: Նրա ղեկավարության ներքո գերմանացի մրցարշավորդը նվաճել է իր 7 չեմպիոնական տիտղոսներից 5-ը:
Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ իրեն տխրեցնում է վնասվածքից հետո նախկին մարզիկի հետ շփման դժվարությունը:
Շումախերը գանգուղեղային վնասվածք էր ստացել 2013-ի դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային զբոսանքի ժամանակ: Մրցարշավորդը վիրահատության է ենթարկվել, որից հետո շուրջ կես տարի կոմայի մեջ է եղել: 2014-ի սեպտեմբերին նրան տեղափոխել են Շվեյցարիայի իր տուն, որտեղ նա վերականգնողական բուժում է ստանում: