ԱԺ բակում գորգեր լվանալու նախաձեռնությամբ աչքի ընկած պատգամավորը նիստերին երբևէ ելույթ չի ունեցել և հարց չի ուղղել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ում նախաձեռնությամբ Վարդավառի տոնին Բաղրամյան պողոտայում գորգերի լվացում կազմակերպվեց, ԱԺ նիստերին, մեղմ ասած, ակտիվ չի եղել:
«Պառլամենտ մոնիթորինգ» կայքից Tert.am-ը տեղեկացավ, որ պատգամավորը նիստերից բացակայել է 85 անգամ: Գրիգորյանը պատգամավոր ընտրվելու այս 7 ամսվա ընթացքում ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, նա նաև որևէ հարց չի ուղղել, փոխարենը կողմ է քվեարկել 96 նախագծի:
Հռիփսիմե Գրիգորյանը նաև երբևէ ձեռնպահ չի քվեարկել. 9 անգամ դեմ է քվեարկել, մեկ անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը:
Նախաձեռնության, ինչպես նաև մոնիթորինգի տվյալների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Tert.am-ը փորձեց կապ հաստատել Հռիփսիմե Գրիգորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց: Ավելի ուշ հետ զանգահարեց նրա օգնականը և ասաց, որ պատգամավորի հետ խոսելուց հետո կապ կհաստատի խմբագրության հետ: Պատգամավորի օգնականն այդպես էլ պարզաբանում չտվեց: