ԵԼ-ի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով պարտություն կրեց
Երևանի «Ալաշկերտ»-ը Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում մրցեց ռումինական «Ստյաուայի» հետ և ցավալի պարտություն կրեց 0:3 հաշվով: Առաջին խաղը կայացավ Երևանում, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է Armsport-ը:
Խաղի առաջին 45 րոպեից հետո «Ալաշկերտ»-ն ուներ առավելություն: Հայաստանի գավաթակիրը շատ վստահ տեսք ուներ ու մի քանի անգամ իրական գոլային պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Գոլի հեղինակ կարող էին դառնալ Ուրոշ Նենադովիչը և Դանիլո Սեկուլիչը: Մեկ դեպքում գնդակը դիպավ դարպասաձողին, մյուսում՝ հարվածը մի փոքր շեղ ընթացավ:
Երկրորդ կեսում պատկերը փոխվեց: Ռումինական ակումբը 60-րդ րոպեին, օգտվելով Չանչարևիչի անվստահ խաղից, բացեց հաշիվը: Խաշմանյանի ֆուտբոլիստները փորձեցին փրկել հանդիպումը, սակայն ոչինչ անել չստացվեց: «Ստյաուա»-ն ևս երկու անգամ կարողացավ գոլի հեղինակ դառնալ: Աչքի ընկան Կրիստեան և Կոմանը:
Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում բավականին ակտիվ էին երկրպագուները: Red Eagles ֆան-ակումբի ներկայացուցիչները նույնպես մարզադաշտում էին ու մինչև խաղի վերջին րոպեն աջակցում էին «Ալաշկերտ»-ին: Այսպիսով, առաջին խաղում «Ալաշկերտ»-ը պարտվեց 0-3 հաշվով ու պատասխան խաղից առաջ անչափ ծանր վիճակում է: