ԱՄՆ-ում բացօթյա ռեստորանում ծննդյան խնջույքի ժամանակ կառամատույցը փլվել է, և հյուրերը ջրում են հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգում The Wreck of The Richard and Charlene ռեստորանում ճաշող շուրջ 20 մարդ կառամատույցի փլուզման պատճառով ջրում է հայտնվել, հաղորդում է Fox News-ը:
Խնջույքի մասնակիցներից Թելյոր Գրումսը հայտնել է, որ իրենք հավաքված են եղել՝ տոնելու ընկերախմբի անդամներից մեկի 30-ամյակը: Կատարվածից վայրկյաններ առաջ խնջույքի մասնակիցների մեծ մասը շարք է կանգնել փայտե կառամատույցի վրա՝ լուսանկարվելու, երբ բարձր ճայթյուն է լսվել, և կառամատույցի մի մասը փլուզվել է:
Դեպքի վայրից արված լուսանկարներում և տեսանյութում երևում է, թե ինչպես են ջրի մեջ հայտնված խրախճասերներից մի քանիսը ջրի երեսին մնալու համար կառչում փայտերից:
Տեղի ոստիկանությունը և փրկարար ծառայությունը դեպքի վայր են ժամանել և բոլորին անվտանգ կերպով դուրս բերել ջրից: Երեք մարդ թեթևակիորեն տուժել է: Նրանք համապատասխան բուժօգնություն են ստացել:
Հայտնի է, որ հյուրերից մի քանիսը կորցրել են իրենց բջջային հեռախոսները, սակայն միջադեպի մասնակիցների մեծ մասը հումորով է վերաբերվել կատարվածին: