Ղազախստանի նախագահը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Պուտինի հետ
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ ընդգծելով, որ վերջինն առաջին իսկ հանդիպման ժամանակ մեծ տպավորություն է գործել իր վրա:
«Վլադիմիր Պուտինի հետ մենք ծանոթացել ենք Կիևում, ուր մեկնել էի ներկա գտնվելու նախագահ Կուչմայի երդմնակալությանը, իսկ Վլադիմիր Պուտինը նոր էր վարչապետ նշանակվել: Այնտեղ մենք բառացիորեն «ոտքի վրա» զրուցել ենք միմյանց հետ, բայց դեռ այն ժամանակ նա ինձ վրա մեծ տպավորություն էր գործել իր հանդարտ հաստատակամությամբ, այնուհետև նրա հետ արդեն հանդիպել ենք Կրեմլում, երբ վերջինս ստանձնել էր ՌԴ նախագահի պարտականությունները», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Տոկաևը Россия հեռուստաալիքի եթերում:
Նա հավելել է, որ այն ժամանակներից ի վեր կապը չի ընդհատվել: «Նա նախագահ էր, իսկ ես տարբեր պաշտոններ էի զբաղեցնում, ինչ-որ կերպ մենք միմյանց միշտ ճանաչում էինք», - նշել է Տոկաևը: