«Տոնախմբություն պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի անց». Известия-ի անդրադարձն Արցախի առօրյային և սպասումներին
Ռուսական Известия պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել «Տոնախմբություն պատերազմի ժամանակ. Ղարաբաղը հրադադարից 25 տարի անց» խորագրով, որը պատմում է Արցախի, բնակչության առօրյայի և ապագայի հետ կապված սպասլիքների մասին:
Հոդվածի հեղինակ Գրիգորի Կլիմովը, որը հրադադարի 25-ամյակի առթիվ այցելել է Արցախ, նշում է, որ 1992-1994 թվականներին դաժան մարտերի գոտու վերածված տարածաշրջանը կազմում է Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածը: «Դժվար է պատկերացնել, որ 25 տարի առաջ՝ նախքան մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի ստորագրելը, այստեղ արյուն է հոսել և հազարավոր մարդկանց ճակատագրեր են կործանվել», -գրել է լրագրողը:
Վերջինս ընդգծել է, որ պատերազմական տարիներից հետո մայրաքաղաք Ստեփանակերտն արագ է վերականգնվում, մինչդեռ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Շուշին՝ դանդաղ: Ռուս լրագրողի աչքից չի վրիպել նաև այն, որ թեև վերականգնման գործընթացն արագ չի ընթանում, «հայերը հասցրել են զբաղվել մզկիթների վերանորոգմամբ»: Իսկ հարցին, թե ինչու են վերականգնում մզկիթները, տեղաբնակները պատասխանել են. «Ինչպես թե ինչու, չէ որ դա քաղաքի պատմությունն է»:
Կլիմովը գրել է, որ հունիսի 1-9-ը Ստեփանակերտը կվերածվի եվրոպական «չճանաչված» ֆուտբոլի կենտրոնի: Այդ օրերին այստեղ կանցկացվի Եվրոպայի առաջնությունն անկախ ֆուտբոլային ասոցիացիաների (ConIFA) միջև:
«Երբ խոսք է գնում հակամարտության մասին ղարաբաղցիների մեծամասնությունը հայտնում է, որ չի ցանկանում պատերազմել Ադրբեջանի հետ, սակայն պատրաստ է առաջին անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և մեկնել շփման գիծ», - նկատում է Կլիմովը:
«Մեր վերջնական նպատակը, բնականաբար, միասնական հայկական պետության ստեղծումն է, մյուս կողմից՝ երկու ձայնը ՄԱԿ-ում ավելի լավ է, քան մեկը», - հոդվածը եզրափակելով՝ լրագրողը մեջբերում է տեղի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Հիշեցնենք, որ այս հոդվածի հրապարակումից հետո Ադրբեջանին ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիտարկում է Գրիգորի Կլիմովին «սև ցուցակում» ներառելու հավանականությունը: