ՄԱԿ-ի ներկայացուցիչը պահանջում է բացահայտել սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության կասկածյալների անուններն ու գտնվելու վայրը
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը, որը վարում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության՝ ՄԱԿ-ի անկախ հետաքննությունը, պահանջել է հրապարակային դարձնել քննության թույլատրելի մանրամասները և բաց կարգով անցկացնել գործի վերաբերյալ դատական նիստերը:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Կալամարդը նաև պահանջել է, որ բացահայտվեն գործով 11 կասկածյալների անուններն ու կալանքի տակ գտնվողների պահման վայրը:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը չի բացառել, որ դատական նիստերին մասնակցող դիվանագետները կարող են ապակողմնորոշել արդարադատության համակարգի ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ The Washington Post-ի թղթակիցն անհետացել էր 2018թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Սաուդյան իշխանությունները միայն 2 շաբաթ անց էին խոստովանել, որ լրագրողն իբր վեճի հետևանքով սպանվել է:
Սկանդալային սպանությունը կապվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի անվան հետ: ԱՄՆ նախագահը չի բացառել դրա հավանականությունը, սակայն թագավորության դեմ կտրուկ միջոցներ ձեռնարկելու մտադրության մասին ոչինչ չի հայտնել: