Քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք, այսօրվա ԱԺ-ի որակը դաս չէ՞. Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը իր հոդվածում անդրադարձել է արդարադատության արդեն նախկին փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի և Սուրեն Քրմոյանի ազատմանը, որը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով, եղել է քաղաքական որոշման արդյունքում:
Էլինար Վարդանյանի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ձևակերպմամբ՝ փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը աշխատանքից ազատվեցին քաղաքական որոշման արդյունքում։ Ըստ նախարարի՝ նրանց աշխատանքից գոհ և բավարարված են, և վերջիններս բարձր մասնագիտացում ունեն, բայց կառավարության քաղաքական որոշման արդյունքում նրանք ազատվեցին։
Միանգամից մի քանի հարց է առաջանում.
այդ քանի՞ բարձր պրոֆեսիոնալ ունեք, որ եղածներին էլ ազատում եք,
Ձեր քաղաքական որոշումների տրամաբանությունը ինչո՞վ են տարբերվում ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի որոշումներից,
իսկ նախարար Զեյնալյանը որտե՞ղ էր որոշման ժամանակ, իր նախորդները իրենց որակյալ տեղակալների համար կռիվ կտային: Նման վարքագիծը կլիներ իսկական քաղաքական որոշում, իսկական քաղաքացու օր։
Փաստորեն քաղաքական որոշումների փիլիսոփայության մեջ բան չի փոխվել. նախարարից մինչև պահակ պետք է կուսակցական լինեն կամ գոնե կուսակցության «համակիրներ», կամ գոնե ինչ-որ մեկի «գանձը»։
Ես գիտեմ, որ շատերը կփորձեն հիմնավորել, որ քաղաքական պաշտոնների վերաբերյալ քաղաքական որոշումներ են ընդունվում: Բայց կադրային ռեսուրսների առանց այդ էլ սղության պայմաններում բարձր մասնագիտացում ունեցող մասնագետներից ազատվելը մեծագույն սխալ է. այսօրվա ԱԺ որակը դաս չէ՞, «Իմ քայլի» նորանշանակ պաշտոնյաները դաս չե՞ն։
Միակուսակցական այս ճահիճը ի վիճակի է խժռելու ցանկացած լավ գաղափար ու լավ անհատի։ Ներկա իշխանության ղեկավարները նախկիններին քննադատում ու մեղադրում էին նաև այս հարցում։
Ի՞նչ եք ուզում պրոֆեսինալներից. ՔՊ-ացու՞մ։
Ի՞նչ եք ուզում ոչ կուսակցական գործիչների՞ց. ՔՊ-ացու՞մ։
Ի՞նչ եք ուզում երկրում առանց այն էլ սակավ պրոգերսիվ մարդկանցից և շրջանակներից.
ՔՊ-ացու՞մ, ձեր անփոխարինելիության ընդունու՞մ։
Ակնհայտ է, որ սա բերելու է լուրջ խնդիրների»: