Human Rights Watch-ը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննել Իսրայելի իրագործած «պատերազմական հանցագործությունները»
Մարտի 19-ին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը կոչ է արել ՄԱԿ-ին Իսրայելից անհրաժեշտ տեղեկություններ պահանջել՝ երկրին «պատերազմական հանցագործությունների» առնչությամբ Միջազգային քրեական դատարանի առաջ կանգնեցնելու համար:
Ինչպես նշում է regnum.ru-ն՝ սաուդյան Ash-SharkAl-Ausat օրաթերթին հղումով, կազմակերպությունը քննադատել է ՄԱԿ-ին Իսրայելում մարդու իրավունքների ոտնահարման մասին մանրամասն զեկույցի բացակայության համար, ինչը, կազմակերպության ղեկավարության կարծիքով, կարելի է ռազմական հանցագործության հավասարեցնել:
Կազմակերպությունը նաև հայտարարել է, որ բնակավայրերի ապօրինի կառուցումը «չարիքի աղբյուր և պաղեստինցիների իրավունքների մշտական ոտնահարման, ինչպես նաև Պաղեստինում քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման պատճառ է»:
Նյու Յորքում տեղակայված կազմակերպության հավաստմամբ՝ նման բնակավայրերի կառուցման հետ կապված ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին մանրամասն զեկույցն Իսրայելին պաղեստինցիների դեմ «պատերազմական հանցագործություններ» կատարելու համար Միջազգային քրեական դատարանին հանձնելու անհրաժեշտ պայման է: