Թռչնաբուծության ոլորտում կփորձենք ինքնաբավության մակարդակը բարձրացնել. Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսության ոլորտում մեծ ներդրումային ծրագրեր են նախապատրաստվում: Ներկայացվում է բիզնես ներդրում թռչնաբուծության ոլորտում, որպեսզի կարողանանք ինքնաբավության մակարդակը բարձրացնել. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
Ըստ նրա՝ այսօր թռչնի մսի հսկայական ծավալների ներմուծում է կատարվում: Նախարարն ասաց, որ նաև տավարաբուծության մեջ մեծ ծրագիր են իրականացնում. «Սուբսիդավորել ենք խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը 0-2%-ով, սահմանամերձ գյուղերում սոցիալական աջակցություն ստացողները՝ 0 տոկոս, մնացածներում՝ 2%, բավական մեծ քանակի մասին է խոսքը, որպեսզի նաև ցեղը բարելավվի, և կարողանանք արդյունք ստանալ»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ նաև մեծ ծրագիր են ներկայացնելու ջերմոցային տնտեսությունների ներդրման ֆինանսավորման, զարգացման համար: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, 10 մլն-ից ավելի ներդրումային փաթեթ են ներկայացնում՝ առնվազն 4 ուղղություններով՝ թռչնաբուծություն, ջերմոցային տնտեսություն, այգեգործություն, նաև ենթակառուցվածքների զարգացում, այսինքն, նրա խոսքով, մեծ գյուղատնտեսական շուկայի մասին է խոսքը:
Նախարարի պաշտոնակատարը նաև անդրադարձավ սեզոնային աշխատանքների մեկնարկին և նշեց, որ վարելահողերից մոտավորապես 200,000 հա չեն մշակվում: «Բայց անդադար հավաքում եք տվյալներ, որպեսզի ավելի օբյեկտիվ տվյալներ տանք, բայց այստեղ կարևոր է, թե մարդն ինչու մշակի կամ չմշակի հողը, այնպես անենք, որ հողի մշակումը դառնա արդյունավետ, և ՀՀ մեկ սանտիմետր հող չմնա անմշակ, բայց դա մեկ տարվա անելիք չէ»,-ասաց նա:
Գեղամ Գևորգյանն ընդգծեց, որ բոլոր ծրագրերը, որոնք հանձնարարված էին վարչապետի կողմից, արդեն ընթացքի մեջ են: «Այսինքն՝ գյուղացին սպասելու կարիք չունի, սեզոնին նախապատրաստված ենք մտել, ջրի խնդիրն է գլխավոր խնդիրը, փորձում ենք Տարածքային կառավարման նախարարության գործընկերների հետ օպերատիվ լուծումներ տալ, որպեսզի գլխավոր խնդիրն էլ այս տարի հնարավորինս կարողանանք սեզոնին համահունչ իրականացնել»,-ասաց նա: