Պոլսո պատրիարքարան են փոխանցվել վարչապետի և նախագահի ցավակցական հեռագրերը. ԱԳՆ-ն՝ Պոլսո պատրիարքի հուղարկավորությանը ՀՀ-ի ներկայացվածության մասին
Հայաստանի Հանրապետության անունից Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հուղարկավորության արարողությանը Հայաստանի անունից մասնակցել է Սևծովյան տնտեսական կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանից պատվիրակություն չէր եղել պատրիարքի հուղարկավորության արարողությանը: «Ծաղկեպսակներ են եղել ինչպես Հայաստանի կառավարության անունից, այնպես էլ ներկայացուցչության անունից: Եվ նաև պատրիարքարան են փոխանցվել վարչապետի և նախագահի ցավակցական հեռագրերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքը 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: