Օրենք գրելիս պետք է բոլոր կանայք օրենսդիրների մտքում լինեն` նույնասեռական, սահմանամերձ համայնքներում ապրող, ՄԻԱՎ ունեցող. Լարա Ահարոնյան
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը Ազգային ժողովում օրենսդիր մարմնի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կայացած «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառմանը նշեց, որ հեղափոխությունից հետո միայն դեկլարատիվ որոշումներ կայացնելու և լավ խոսքեր ասելու դարն ավարտված է, և գործի անցնելու ժամանակն է, որպեսզի կանանց վիճակը լավանա Հայաստանում:
Նա առաջնային խնդիր համարեց կանանց հանդեպ բռնությունը: «Անցած տարի Ազգային ժողովում խայտառակ օրենք ընդունեցին, որը թեև սկիզբ էր ընտանեկան բռնության դեմ, սակայն բավարար չէ և հարցերը չէր լուծում, հիմա մենք շտապ խնդրի առաջ ենք, կանայք մահանում են ընտանեկան բռնության պատճառով»,-ասաց նա:
ՀԿ նախագահը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի` 2016-2017թթ. 12 կին մահացել է իր զուգընկերոջ պատճառով և շատ անգամ երեխաների աչքի առաջ, իսկ 2018 թվականին 9 կին է մահացել, և կարող են ավելի շատ լինել այն կանայք, որոնց մասին տեղեկություն չկա:
«Հիմա բոլորս պատասխանատու ենք ամենաշտապ ձևով այս հարցը կարգավորել` փոխելով նախևառաջ օրենքը, քրեականացնելով ընտանեկան բռնությունը, անպատժելիության մթնոլորտը վերացնել»,-ասաց նա և նշեց, որ պետք է այնպես անել, որ կանայք շատ լինեն Ազգային ժողովում:
«Շատ անգամ, երբ կնոջ մասին ենք խոսում, մենք տեսնում ենք մի տեսակ կին` հայ կին` շատ անգամ մայր, քույր ու վերջ, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ մենք միայնակ մայրեր ենք, բանակում երեխա կորցրած մայրեր ենք, մենք նաև մայր դառնալ չցանկացողներն ենք, մենք նաև տարեցներն ենք, մենք նաև տրանս կանայք ենք, լեսբի կամ բիսեքսուալ կանայք, որ ուզում կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ, մենք սահմանամերձ համայնքներում ապրող կանայք ենք, աղքատներն ենք, եզդի կանայք ենք, հաշմանդամություն ունեցող կանայք ենք, և օրենք մշակելուց պետք է ուշադիր լինեք, որ միայն մի կերպարի կանայք չօգտվեն դրանից: Այս բոլոր կանայք պետք է ձեր մտքում լինեն, դրան գումարած ՄԻԱՎ-ով ապրող կանայք և շատ ուրիշներ»,-ասաց նա:
Լարա Ահարոնյանը նշեց, որ անպայման չէ, որ բոլոր կանանց նպատակը միայն մայր դառնալը լինի, շատ այլ նպատակներ էլ կան, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանն առաջ գնա, մեր օրենքների, արտահայտությունների մեջ պետք է հաշվի առնենք դա: