««Բրեքզիթ»-ը կարող է ընդհանրապես տեղի չունենալ». Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ Միացյալ Թագավորության պաշտոնական դուրս բերումը ԵՄ կազմից («Բրեքզիթ») կարող է ընդհանրապես տեղի չունենալ, եթե բրիտանացի խորհրդարանականները հաջորդ շաբաթ կայանալիք քվեարկության ժամանակ չհաստատեն «Բրեքզիթ»-ի վերաբերյալ փաստաթուղթը:
Ինչպես նշում է businessinsider.com-ը, Մեյն ասել է, որ օրենսդիրների կողմից մերժվելու դեպքում կառավարությունը կարող է քվեարկել «Բրեքզիթ»-ի հետաձգման համար, ինչի հետևանքը կլինի այն, որ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ կազմում:
«Հաջորդ շաբաթ պատգամավորները ճակատագրական ընտրություն պիտի անեն՝ կա՛մ աջակցել «Բրեքզիթ»-ի գործարքին, կա՛մ մերժել այն: Եթե աջակցեն, Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն, եթե մերժեն, ոչ ոք չգիտի, թե ինչ կպատահի: Մենք կարող ենք դեռ մի քանի ամիս էլ մնալ ԵՄ կազմում, կարող ենք դուրս գալ առանց գործարքի կետերը հաշվի առնելու և միևնույն ժամանակ կարող է այնպես ստացվել, որ մենք ընդհանրապես չենք լքի ԵՄ-ն»,-ասել է վարչապետը: