ԲՀԿ օրակարգում այս պահին չկա քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցության կամ որևէ այլ հարց. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ո՛չ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ հանդիպում չի ունեցել, այդ տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց մամուլի խոսնակ, ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն որոշել են պայքարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ և դրա շրջանակներում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԼՀԿ ներկայացուցիչների և Սեդրակ Քոչարյանի հետ։
Իվետա Տոնոյանը չի կարող ասել, թե ինչ նպատակով են պարբերաբար լրատվական դաշտում նման տեղեկություններ տարածվում. «Կարծում եմ՝ դա ուղղակի ներքաղաքական օրակարգը սխալ հունով տանելու նպատակ է բացառապես հետապնդում, որևէ նման հանդիպում տեղի չի ունեցել»:
Պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի օրակարգում հնարավո՞ր է լինի նման հարց, որ փողոցային պայքար սկսվելու դեպքում միանա նախաձեռնող ուժերին, Իվետա Տոնոյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր թե՛ ներքին քաղաքական օրակարգը, ինչպես նաև արտաքին քաղաքական օրակարգը, ասել է թե այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր կամ բացառվող համագործակցությունների վերաբերյալ:
ԲՀԿ-ն ունի իր օրակարգը, որպես ընդդիմադիր կուսակցություն և որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն իրականացնում է իր գործառույթները, և մենք ունենք մեր օրակարգը, որը դրսևորվում է ինչպես օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման տեսքով, այնպես էլ բազմաթիվ այլ ձևաչափերում, որն օրենքով սահմանված կարգով իրականացվում է: Մենք շարժվում ենք մեր օրակարգով, և որևէ այլ օրակարգ՝ հնարավոր համագործակցություններ և այլն, այս պահի դրությամբ չկան, և մենք նման քննարկում չունենք»,-ասաց նա: