Հնդկաստանը Պակիստանից պահանջել է ազատ արձակել գերեվարված օդաչուին
Նյու Դելին պահանջել է Իսլամաբադից ազատ արձակել գերեվարված հնդիկ օդաչուին, գրում է РИА Новости գործակալությունը՝ Հնդկաստանի ԱԳՆ-ին հղումով:
«Պակիստանը չպետք է կալանքի տակ գտնվող զինծառայողին որևէ վնաս պատճառի»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պակիստանի բանակը հայտարարել էր երկու հնդկական ռազմական օդանավ խոցելու մասին, որոնք վիճելի Քաշմիր նահանգում «խախտել էին երկրի օդային տարածքը»: Պակիստանի լրատվամիջոցները տեսագրություն էին հրապարակել, որում գերի վերցված վիրավոր օդաչուներից մեկը հայտնում էր իր անունն ու ռազմական կոչումը:
Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հայտնել էին, որ Քաշմիրի օդային տարածքում պատահարի հետևանքով խոցվել է Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչը: Պատահարի ընթացքում Հնդկաստանը կորցրել է իր МиГ-21 կործանիչը, իսկ դրա օդաչուն համարվում էր անհետ կորած:
Հիշեցնենք, որ վերջերս երկու երկրների հարաբերությունները սրվել են հատկապես այն բանից հետո, երբ փետրվարի 14-ին Պակիստանի տարածքում կենտրոնացած ահաբեկչական խմբավորումը հնդիկ ուժայինների ավտոշարասյան վրա հարձակում էր իրականացրել, որի արդյունքում 45 մարդ է զոհվել: