Թրամփը և Կիմ Չեն Ընը փետրվարի 28-ին համատեղ համաձայնագիր կստորագրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում համաձայնագիր կստորագրեն, գրում է cnbc.com-ը՝ Սպիտակ տան հաղորդմանը հղումով:
Համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամանակով 11:05-ին: Սպիտակ տունը չի մանրամասնում, թե ինչ համաձայնագրի մասին է խոսքը:
Հաղորդման մեջ նշվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները դեմ առ դեմ 45 րոպե տևողությամբ զրույց կունենան, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Գագաթնաժողովի առնչությամբ ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը հրաշալի անվանելով: Թրամփը նաև հավելել է, որ անհամբերությամբ սպասում է վաղվա բանակցություններին:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ պատմության մեջ երկրորդ հանդիպման առաջին մասը: Թրամփն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են Հանոյի ամենահին՝ Sofitel Legend Metropole հյուրանոցում: