Ուկրաինան կարող է չմասնակցել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին
Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Կոլցովան չի բացառել, որ Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին մասնակցելուց: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` Կոլցովան նշել է, որ Ուկրաինայում մրցույթը քաղաքականացվել է, և հանրությունը շատ ցավագին է ընդունում «Եվրատեսիլ»-ի շուրջ զարգացումները, ուստի, ըստ նրա, չի բացառվում, որ կարող է քննարկվել այս տարի Ուկրաինայի մասնակցությունը չեղարկելու հարցը:
«Մենք դեռ կշփվենք երգիչների հետ, կխորհրդակցենք մրցույթի կազմակերպիչների, պրոդյուսերների հետ և կհրապարակենք մեր որոշումը: Կարծում եմ` պետք է անենք այնպես, ինչպես ավելի լավ կլինի Ուկրաինայի համար»,- ասել է Կոլցովան: