Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետք է իրական եկամուտները հաշվառվեին և հարկվեին, բայց շարունակում ենք հին սկզբունքով. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Հարկային օրենսգրքի համակարգային փոփոխությունները պետք է տանեին նրան, որ իրական եկամուտները հաշվառվեին և հարկվեին: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
«Առայժմ մենք շարունակում ենք հին սկզբունքով, որտեղ ինչ-որ մի բան երևում է, պետությունը նպատակ է դնում իր բաժինը վերցնել և մնացածը թողնել այդ եկամուտը ստեղծողին: Սա մոտեցում չէ: Հարկային քաղաքականություն ասածը տնտեսության, հասարակության զարգացմանը նպաստող միջոցառումների ամբողջականություն է, որը դեռ չկա»,- նշեց նա:
Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ Հարկային օրենսգրքի նոր նախագծում ավելի շատ են կոնկրետ լուծումները, իսկ ընդհանուր գաղափարախոսությունն ավելի թույլ է:
«Ես սա կանվանեի ընդամենը մեկ փուլ հարկային բարեփոխումների, իշխանություններն էլ սա պետք է գիտակցեն: Եվ շատ լավ լուծումներ կան ՀՕ-ում և ոչ այնքան լավ լուծումներ, բայց ասել, որ մենք կատարելության ենք հասցնելու սրանով, իհարկե, չկա դա»,- ասաց նա:
ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ Հարկային օրենսդրության կարևոր հատկանիշներից մեկը կայունությունն է: Ըստ նրա՝ նաև պետք է օրենքով սահմանել, որ Հարկային բարեփոխումներն ինչ-որ ժամկետ հետո կարող են ուժի մեջ մտնել. «Անընդհատ փոփոխությունները շվարեցնում են և՛ մեր տնտեսվարողներին, և՛ արտաքին ներդրողներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: