«Ուկրաինայում բարեկեցության ցածր մակարդակի համար մեծապես մեղավոր է Ռուսաստանը». Պորոշենկո (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում բարեկեցության ցածր մակարդակի համար մեծապես մեղավոր է Ռուսաստանը, որը փորձել է տարատեսակ տնտեսական ճնշումների ենթարկել Ուկրաինային:
«Ինչ-որ պահի ՌԴ-ն փակեց իր բոլոր շուկաներն ուկրաինական ապրանքների համար: Պատկերացրեք, որ մի օր ԱՄՆ-ն փակում է իր շուկան Կանադայից եկող ապրանքների համար, ինչպիսի անկում կապրեր կանադական տնտեսությունը», - նշել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում հույս ունեին, որ ուկրաինական արդյունաբերությունը կանգ կառնի և միլիոնավոր գործազուրկ ուկրաինացիներ կնպաստեն իշխանության փոփոխմանը երկրում:
Պորոշենկոյի պնդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները գտան ելքը, և արդյունքում ուկրաինական ապրանքները դուրս եկան եվրոպական շուկա:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ Մոսկվան ցանկանում էր «սառեցնել» ուկրաինացիներին՝ դադարեցնելով գազամատակարարումը երկիր: Այդ ժամանակ, սակայն, Կիևը լուծեց հարցը միջազգային արբիտրաժային դատարանի օգնությամբ: