ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը հայտնել է ԱՄՆ-ի՝ Եվրոպայում նոր միջուկային ավիառումբեր տեղակայելու ծրագրի մասին
Միացյալ Նահանգները 2020 թվականի առաջին կեսին Եվրոպայում կատարելագործված ավիացիոն միջուկային զինամթերք տեղակայելու ծրագրեր ունի, գրում է РИА Новости-ն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին հղումով:
«ԱՄՆ-ի՝ միջազգային իրավիճակի հետագա սրման նպատակաուղղվածության մասին է վկայում 2018թ. վերջին հաստատված ծրագիրը, որը կատարելագործված ավիացիոն միջուկային զինամթերքի սերիական արտադրություն է նախատեսում: Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի և Թուրքիայի ավիաբազաներում նշված զենքերի տեղակայումը նախատեսվում է սկսել 2020թ.-ի առաջին կեսին»,- ասել է Սիդորովը:
ՀԱՊԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ ամերիկացի մասնագետների կողմից նշված երկրների զինված ուժերի անձնակազմին միջուկային զինամթերքի օգտագործման համար պատրաստումը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անմիջական խախտում է: