Ամերիկացիների կեսից ավելին մտադիր չէ 2020 թվականին կայանալիք ընտրություններում իր ձայնը տալ Թրամփին. հարցում
Ամերիկացիների կեսից ավելին մտադիր չէ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում ձայն տալ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, այս մասին են վկայում Politico ամերիկյան մեդիակազմակերպության հարցման արդյունքները:
Մասնավորապես՝ հարցվածների 52 տոկոսը հայտնել է, որ կնախընտրեր իր ձայնը տալ այլ թեկնածուի: Հարցմանը մասնակցած ամերիկացիների միայն 26 տոկոսն է վստահ, որ կքվեարկի Թրամփի օգտին, 10 տոկոսը չի բացառում, որ ձայն կտա նրան:
Հարցվածների 56 տոկոսը բացասական է վերաբերվում գործող նախագահի գործողություններին, ևս 44 տոկոսը վճռականորեն դեմ է տրամադրված նրան:
Հարցման մասնակիցների 41 տոկոսը, սակայն, աջակցում է Թրամփին, իսկ 23 տոկոսը վճռականորեն հավանություն է տալիս նրա գործունեությանը:
Դեռևս հունվարի սկզբին Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիլդին հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում:
Հիշեցնենք, որ Թրամփը հաղթել է 2016թ. նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում: Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2017թ. հունվարի 20-ին: