Անձնագրային և վիզաների վարչության հինգ կետերում մասնավորի տպող և լուսանկարահանող սարքերն անջատված են մրցույթ հայտարարելու պատճառով. Մնացական Բիչախչյան
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում լուսանկարահանող, պատճենահանող և նմանատիպ այլ գործողություններ կատարող սարքավորումներն անջատված են:
Tert.am-ի հարցին, թե ինչու են անջատվել սարքավորումները, ՀՀ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն ասաց, որ դրանք տեղադրված են եղել ընդամենը հինգ կետում և անջատվել են, որովհետև առաջիկայում մրցույթ է հայտարարվելու:
«Տեղադրված էին մասնավոր ընկերության՝ «Հուռնետ» ՍՊԸ-ի սարքավորումները: Ծառայության որակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով, թե ոստիկանությունը քաղաքացիներին ուղղորդում է դրսում գտնվող պատճենահանման և լուսանկարահանման մեկ կետ, մեկ ուրիշն ուղարկում է այլ կետ, այս ամենից հետո որոշվեց թույլատրել ժամանակավոր, փորձարարական նպատակով տեղադրել սարքավորում, տեսնել՝ արդյունքը ինչ կլինի: Ընդամենը հինգ կետում է շատ կարճ ժամանակով գործունեություն ծավալել այդ ընկերությունը»,-ասաց Մնացական Բիչախչյանը:
Հարցին,թե հիմա ինչու են սարքավորումներ անջատվել և արդյոք անջատվել են բոլոր հինգ կետերում, Բիչախչյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով կհայտարարվի մրցույթ և մրցույթը հաղթողները կիրականացնեն այդ գործունեությունը.«այդ պատճառով անջատվել են»:
Հարցին, թե այդ ընկերության առավելությունը ո՞րն է, որի սարքավորումները հինգ կետերում գործում էին, ի՞նչ առավելության շնորհիվ էր, որ այդ սարքավորումներին թույլ էին տվել աշխատել, Բիչախչյանն ասաց, որ գնային տարբերություն կար.«Օրինակ, եթե դրսում 4 նկարի համար գանձում էին 1000 դրամ, այդ սարքավորումները 500 դրամի դիմաց տպում էին 8 լուսանկար: Սա, սակայն, փորձնական էր, այդ պատճառով անջատված է»: