Օզբիլիսի՝ «Բեշիքթաշից» «Վիլլեմ II» տրանսֆերը դեռ չի կայացել
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի՝ «Բեշիքթաշից» «Վիլլեմ II» տեղափոխությունը դեռ չի կայացել:
Օրեր առաջ հոլանդական ակումբը պաշտոնապես հաստատեց, որ վարձակալական հիմունքներով ձեռք է բերելու հայ ֆուտբոլիստի տրանսֆերը: Արասն անգամ մարզվել է «Վիլլեմ II»-ի կազմում, սակայն պաշտոնապես տրանսֆերը չի գրանցվել:
«Վիլլեմ II»-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Օզբիլիսի վարձակալությունը չի կայացել, քանի որ 28-ամյա ֆուտբոլիստը և «Բեշիքթաշը» դեռ պետք է որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնեն:
Հոլանդական թիմի գլխավոր մարզիչ Ադրի Կոստերն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է, որ Օզբիլիսը չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին.
«Օզբիլիսը և նրա ներկայիս ակումբը դեռ որոշ համաձայնությունների պետք է հասնեն: Ցավոք, դա ժամանակին տեղի չի ունեցել: Միշտ էլ ցանկանում ես առաջնությունը հնարավորինս ամբողջական կազմով սկսել: Օզբիլիսն այն ֆուտբոլիստն է, որը կարող է մեզ օգտակար լինել: Նա կարող է մրցակիցների համար վտանգ ստեղծել»,- ասել է Կոստերը:
Հավելենք, որ Հոլանդիայի առաջնության մեկնարկային տուրում «Վիլլեմ II»-ը հյուրընկալելու է «Վենլոյին»: