Փաստաբանների պալատը Տ. Աթանեսյանին զրկել է արտոնագրից, բայց նա դեռ 2 տարի փաստաբան է
Փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագիրը, բայց դրանում վերջինս որևէ անմիջական հետևանք չի տեսնում:
«Այս որոշումը, բնականաբար, բողոքարկվելու է, իսկ բողոքարկման դեպքում այն կասեցվում է, մինչև դատարանի որոշումը: Այսինքն՝ մոտակա 2 տարին դեռ փաստաբան եմ»,-Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց Տիգրան Աթանեսյանը:
Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով իր՝ փաստաբանական արտոնագրից զրկվելու մասին՝ նշել էր. «Ինչ վերաբերում է պալատին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի: Պալատը պետք է կազմալուծվի և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունը այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ»:
Հիշեցնենք, որ Արա Զոհրաբյանը պարբերաբար հայտնում էր իր նկատմամբ Փաստաբանների պալատի կողմից այս կամ այն կարգապահական վարույթի հարուցման մասին:
Հարցին, թե ո՞ր կամ արդյոք կարգապահական վարույթներով է իր՝ փաստաբանի արտոնագիրը դադարեցնելու մասին որոշումը կայացվել, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց ասելով. «Չգիտեմ, ես չեմ գնում այդ խայտառակ ժողովներին: Բայց ենթադրում եմ՝ մի վարույթով հարուցած կլինեն, էլի: Դա ընդամենը Զոհրաբյանի ինքնագործունեությունն է և վրեժխնդրությունը, քանի որ ես փաստաբանական վարքագծի կանոններ չեմ խախտել»: