Իշխանության քայլերի տրամաբանությունը մի քիչ դժվար է հասկանալ, բայց ոստիկանությունը ինչ-որ գործողությունների կդիմի անպայման. Արայիկ Հարությունյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Երևանի «Ելք» խմբակցության ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե գիշերը Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց թիվն նախորդ գիշերվա համեմատ ակնհայտորեն ավելացել է: «Մեր կոչին որոշ մարդիկ արձագանքել են, իհարկե այն խնդիրը, որ դրել ենք, որ ավելի շատ մարդ մնա գիշերը, որպեսզի ավելի անվտանգ լինի, առայժմ չենք կարողացել լուծել, բայց առաջիկա գիշերներին գուցե այդ խնդիրն էլ լուծենք»,-ասաց նա:
Հարցին, թե գուցե կարիք էլ չկա, քանի որ ոստիկանությունը որևէ բռնության քայլեր չի գործադրում, Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենց համար պարզ չէ, թե ինչու իշխանությունը որոշեց նույնիսկ երթերին չուղեկցել:
«Իշխանության քայլերի տրամաբանությունը մի քիչ դժվար է հասկանալ, ինչ շարժառիթներ ունեն, բայց կփորձեն առավելագույնս օգտագործել դրանք, երբ վտանգն ավելանա, հաջորդ օրերին մարդկանց թիվը մեծանա, ինչ-որ գործողությունների կդիմեն անպայման»,-ասաց նա:
Նա շարունակեց պնդել, որ իրենց գործողությունները լինելու են խաղաղ անհնազանդության տրամաբանության մեջ, և նախորդ ակցիաններին ֆիզիկական և հոգեբանական խնդիրեր չեն ունեցել թե՛ ԵՊՀ-ում, թե՛ «Հանրային ռադիոյում»:
Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե ի՞նչ սպասել վաղը՝ նշեց, որ ծրագրեր ունեն և դրանք նախորդներից հետաքրքիր կլինեն։