ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի հակամարտությանը. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
ԱՄՆ-ն կարող էր 24 ժամում վերջ դնել Սիրիայի պատերազմին՝ հրաման տալով իր «ձեռնասուն ահաբեկիչներին» դադարեցնել պայքարն օրինական իշխանության և սեփական ժողովրդի դեմ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, նման հայտարարությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես է եկել միջազգային կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան:
Վերջինս ընդգծել է, որ դաշնակիցների հարվածները Սիրիայի ռազմական կառույցների ուղղությամբ, որտեղից ռազմական գործողություններ են իրականացվում ահաբեկիչների դեմ, ապացուցում է, որ «Արևմուտքում նրանք, ովքեր քողարկվում են մարդասիրական հռետորաբանությամբ և փորձում են իրենց ռազմական ներկայությունն արդարացնել ջիհադականների ջախջախման անհրաժեշտությամբ, իրականում նրանց հետ մեկտեղ երկրի տարրալուծմանն ուղղված աշխատանքներ են վարում»:
«Ձեր ագրեսիան հզոր հարված և սպառնալիք է ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող քաղաքական գործընթացի շարունակության հեռանկարներին: Ինչ արժեին այդ դեպքում ժնևյան գործընթացի անվերջ ջանքերը, եթե դուք ձեր ձեռքերով այն տանում եք դեպի հերթական ճգնաժամը», - հավելել է Նեբեզնյան՝ կոչ անելով ԱՄՆ-ին և դաշնակիցներին անհապաղ վերջ դնել ռազմական գործողություններին: