Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց մեքենա հրելով՝ որպես Հայաստանի ներկայիս տնտեսության խորհրդանիշ (տեսանյութ)
Թանկացումների դեմ երթը «Ելքը» սկսեց «բրդվող» մեքենայով: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեքենան խորհրդանշում է Հայաստանի ներկայիս տնտեսությունը՝ նաև խորհրդանշելով գազի գնի թանկացումը:
«Մեր անակնկալը, երթի սկզբից մի խումբ երիտասարդներ կբրդեն ջորի մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ավտոմեքենան կխորհրդանշի այն տնտեսությունը, այն տնտեսական իրավիճակը, որ այսօր Հայաստանում հաստատվել է: Նախկինում վարչապետը հայտարարում էր՝ բենզինը թանկացել է, գազով քշեք մեքենաները: Հիմա, որ գազը թանկացել է, այլընտրանք կա ժողովուրդ ջան, բրդեք ձեր մեքենաները»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Ելքի» նախաձեռնած բողոքի պահանջը հետևյալն է՝ կասեցնել թանկացումները և հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնել: Բողոքի երթը ընթանում է «հարկային բեռի իջեցում» և «գների իջեցում» վանկարկումներով:
«Մեր այսօրվա պահանջը շատ հստակ է՝ վերջ տալ Հայաստանի քաղաքացիների թշվառացման պրոցեսին: Սրանում է մեր այսօրվա պրոբլեմը և այս ընթացքում տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների թշվառացումը: Իսկ ավելի մեծ աղքատացումը նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ավելի ամուր են գամվելու 10 հազար դրամանոց շղթաներով: Մենք այսօր կոնկրետ խնդիր ենք դրել ձեր օգնությամբ լուծել մի կոնկրետ խնդիր, այն է` հարկային օրենսգրքի փոփոխությունները»,- հայտարարեց պատգամավորը:
Բողոքի երթի կազմակերպիչները պահանջում են բարձրացված հարկերը վերադարձնել 2018 թ.-ի հունվարի 1-ին նախորդած մակարդակի: Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններով բարձրացել էր սեղմված գազի, բենզինի, դիզվառելիքի և շատ այլ ապրանքների ակցիզային հարկը:
«Շատերը մեզ այսօր քննադատում են, որ թանկացումների դեմ եք պայքարում, փոխանակ քաղաքական պահանջներ առաջադրելու: Բայց մի՞թե թանկացումներն ընդամենը սոցիալական խնդիր են իրենց մեջ պարունակում, ոչ ամենևին, որովհետև այս թանկացումները, այս հարկային բեռի ավելացումը նշանակում է Հայաստանի քաղաքացիների էլ ավելի աղքատացում: Մենք քաղաքացիներից այս խնդրի լուծման համար մի բան ենք խնդրում քաղաքացիներից, բռնել այն ձեռքը, որը մենք պարզել ենք իրենց»,- ասաց նա:
Մանրամասները տեսանյութում՝