Թուրքիայի հարավ-արևելյան երկու նահանգներ ծածկվել են կարմիր փոշու ամպերով
Թուրքիայի հարավ-արևելյան երկու նահանգներ՝ Մարդինն ու Դիարբեքիրը ծածկվել են կարմիր փոշու ամպերով, որոնք այստեղ են անցել Սիրիայից, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Ստեղծված իրավիճակի պատճառով քաղաքներում և դրանց շրջակա գյուղերում տեսանելությունն անգամ ցերեկվա ժամերին իջել մինչև 50 մետր և անգամ ավելի պակաս, փողոցներում վառվել են ցերեկային լույսերը, վարորդները երթևեկում են լուսարձակները միացրած, իսկ մարդկանց մեծ մասն առհասարակ նախնտրում է դուրս չգալ տանից:
Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ պետական հաստատությունների աշխատակից հանդիսացող և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, խրոնիկ հիվանդություններ ունեցողներն ու հղի կանայք կարող են աշխատանքի չներկայանալ։
Աղբյուրը նշում է նաև, որ ստեղծված իրավիճակի պատճառով չեղարկվել են Դիարբեքիրի օդանավակայանի չվերթները և օդանավերն ուղղորդվել են հարևան նահանգների օդանավակայաններ: